29.07.2021г., Четверг
Գլխավոր էջ » Հոդվածներ » ИНТЕРЕСНО

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԻՆ

Մարտի 25-ին Գորիսի պետական քոլեջի դասախոսական և ուսանողական կազմը այցելեց Արցախի Հանրապետություն. նրանց «փոքրիկ ճանապարհորդությունը» սկսվեց Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի այցելությամբ, որի ընթացքում քոլեջի պատմության դասախոս Դավիթ Ջուլհակյանը մանրամասն ներկայացրեց եկեղեցու պատմությունը, հիմնադրման ժամանակաշրջանը։

Գանձասար վանական համալիրը Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում է, պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում։ Իր անունը ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից:

Խումբն այցելեց նաև Գանձասարի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան՝ Գանձասար գիտամշակութային կենտրոն, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արցախյան մասնաճյուղ, որտեղ ցուցադրված են պատմական Հայաստանի Արցախ և Սյունիք նահանգներում գրչագրված 100-ից ավելի ձեռագիր մատյաններ, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ, հնատիպ գրքեր, ինչպես նաև պատմական հանգամանքների բերումով Արցախի վանքերում և եկեղեցիներում այլ շրջաններից բերված կամ փրկագնված ձեռագրեր, Երևանի Մատենադարանում պահվող ձեռագրերի կրկնօրինակներ։

Եկեղեցու այցելությանը հաջորդեցին մյուս գեղեցիկ տեսարժան վայրերի այցելությունները, որոնք լի էին վառ ու գեղեցիկ տպավորություններով։ Վառ տպավորությունների գագաթնակետն էր Ստեփանակերտը, որտեղ ուսանողների և դասախոսների հետաքրքիր ժամանցը լիովին ապահովված էր։

Խումբն այցելեց Ստեփանակերտի Վերածննդի, Ստեփան Շահումյանի հրապարակներ, ԱՀ Ազգային ժողովի շենք, Բոգդան Կնունյանցի անվան պուրակ, Նելսոն Ստեփանյանի անվան քաղաքային զբոսայգի, որտեղ Դավիթ Ջուլհակյանը ներկայացրեց պատմությունը, տեղագրությունը... 

 

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական հրապարակներից մեկն է, որը գտնվում է ԱՀ նախագահի նստավայրի հարևանությամբ. համարվում է Արցախի Հանրապետության զբոսաշրջային և քաղաքական կարևորագույն հրապարակներից մեկը: Կառուցվել է 1994 թվականից հետո, երբ Արցախի տարածքը ազատագրվեց հայկական զորքերի կողմից:

1960–70-ական թվականներին կառուցապատվել է քաղաքի կենտրոնը: Ստեփանակերտի հարավում ստեղծվել է Բոգդան Կնունյանցի անվան պուրակը, Ստեփան Շահումյանի հրապարակի հարևանությամբ՝ Նելսոն Ստեփանյանի անվան քաղաքային զբոսայգին:

 

Ստեփանակերտի «գլուխգործոցն է» «Մենք ենք, մեր սարերը» կոթողը՝ շատերին հայտնի «Պապիկ-տատիկ»-ը, որտեղ Դավիթ Ջուլհակյանը խմբին մանրամասը ներկայացրեց կոթողի պատմությունը, թե երբ է այն վերակառուցվել:

 

Հետդարձի ճանապարհն առավել հետաքրքիր դարձրեց այցելությունը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի: Վերջինս Շուշիի մայր տաճարն է՝ կառուցված 1868-1887թթ.։ Գանձասարից հետո Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է, կազմված եկեղեցուց (1868-1887թթ.) և զանգակատնից (1858թ.)։ Ներկայումս այնտեղ է գտնվում Արցախի թեմի առաջնորդի նստավայրը։

Խմբի հաջորդ կանգառը Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում էր: Այստեղ նույնպես պատմության դասախոս Դավիթ Ջուլհակյանը ներկայացրեց քաղաքի պատմույթունը, հետանկախության շրջանը, խոսեց անվանափոխության և հայության վերադարձի մասին:

Բերձորը (նախկին Լաչին, ետռուսաստանյան տարիներին Աբդալլար) քաղաք և վարչական կենտրոն է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, Հագարի գետի միջին հոսանքի ավազանում՝ 1000-1200մ բարձրության վրա. ունի 2200 բնակիչ։



Աղբյուրը: http://ru.goriscollege.com
Կատեգորիա: ИНТЕРЕСНО | Ավելացրեց: Քրիստինա_Ադամյան (16.05.2018)
Դիտումներ: 279 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: