Գլխավոր էջ » Հոդվածներ » МЕРОПРИЯТИЯ |
Գորիսի պետական քոլեջում ապրիլի 5-ին կայացավ «Ցավում ենք և հպարտանում» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին: Միջոցառումը կազմակերպել էին՝ պատմության դասախոս Հեղինե Առաքելյանը և ուսումնակազմակերպական, հասարակայնության և լրատվության մասնագետ Քրիստինա Ադամյանը: Միջոցառմանը ներկա էին Գորիսի զինվորական կոմիսարիատի կոմիսարի պաշտոնակատար, մայոր Արմեն Հարությունյանը, ՆԶՊ գծով կոմիսարիատի ավագ տեսուչ, սերժանտ Վիգեն Քաթանյանը, ապրիյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Նարեկ Մկրչյանի հայրն ու եղբայրը՝ Վարդան և Կարեն Մկրչյանները, ինչպես նաև միջոցառմանը մասնակից ուսանողների ծնողները: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակը: Այնուհետև, ուսանողները հայրենասիրական երաժշտության ներքո քայլով մոտեցան պատից փակցված հերոսների լուսանկարներին, և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին: Ուսանողները ներկայացրեցին ապրիլյան քառօրյա պատերազմի տարեգրությունը, հանդես եկան ասմունքով, երգով և պարով: «ՀՏ և ԱՀԾԱ» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Արայիկ Մկրչյանը պատրաստել էր գրաֆիկական ներկայացում, որտեղ մեկ առ մեկ ներկայացված էր հերոս մարտիկների կյանքը: Միջոցառման ավարտին Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց մերօրյա իրական հերոսների ծնողներին՝ արիական դաստիարակության և հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սիրո և պատասխանատվության համար: Շնորհակալական խոսք ասաց կրթօջախի ռազմագիտության դասախոս Կամո Բեգլարյանը, ինչպես նաև անդրադարձավ քոլեջի քառօրյա պատերազմի կենդանի լեգենդներին՝ Հարութ Բաբայանին, Վարդան Գրիգորյանին, Ռազմիկ Շեգունցին, Սմբատ Ալեքսանյանին, Վահագն Սահիլյանին, Վահագն Շալունցին: Ուսանողներին իրենց կատարած սխրագործության համար քոլեջի տնօրենությունը և Գորիսի զինվորական կոմիսարիատը խրախուսեցին պատվոգրերով: Պատվոգրերի հանձնումը վերապահվեց Գորիսի զինվորական կոմիսարիատի կոմիսարի պաշտոնակատար, մայոր Արմեն Հարությունյանին: Այսօրինակ միջոցառումները անչափ կարևոր են բանակ-հասարակություն կապի ամրապնդման, երիտասարդ սերնդին արիության դասեր տալու և վառ, հերոսական օրինակները ներկայացնելու համար, քանի որ այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասին են, հայրենիքն անպարտելի են: Նմանատիպ միջոցառումների կազմակերպումը էլ ավելի է արմատավորում երիտասարդ սերնդի հայրենասիրության, ազգային միասնականության արժեհամակարգը: Աղբյուրը: http://goriscollege.com | |
Դիտումներ: 137 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |